Անմահական վարդ: Հայկական ժողովրդական հեքիաթ

  1. Կարդացեք հեքիաթ:
  2. Ո՞րն է հեքիաթի ասելիքը:
  3. Ի(նչ ընդհանրություններ ունի մյուս հեքիաթների հետ:

Ավալ ժամանակին ըլնում ա, չիլնում մի թագավոր: Էս թագավորը իրա ամարաթի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ միջին մի Անմահական վարդի ծառ։ Համա խեղճ թագավորը ի՛նչ անում ա, չի անում, ի՛նչ կատեպան բռնում ա, ի՛նչքամ մուղաթ են կենում, չիլնում՝ հենց գալիս ա բացվելու վախտերքը, խարը գալիս ա էդ վարդն ուտում, էթում, չի թողում, որ բացվի։ Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ թագավորը մնում ա հասրաթ էդ վարդի ֆոտին։ Օրեն մի օրը գալիս ա մի կատեպան:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ինձ կատեպան բռնես, քու վարդին ընենց մուղաթ կկենամ, որ խարը չի ուտի։ Հենց բացվեց թե չէ,—ասում ա,— կքաղեմ, կբերեմ, կտամ քեզ:

— Տղա՛,— ասում ա թագավորը,— աշխարքումն էլ կատեպան չի մնացե՝ էկել ա, ի՜նչ ա չաթե, որ դու ի՛նչ չաթես։

— Թագա՛վորն ապրած կենա, ասում ա,— ես կարամ. չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

– Լա՛վ, դո՛ւ գիտաս,— ասում ա թագավորը, կարաս՝ գնա մուղաթ կաց։— Բերում ա, սրան բռնում իրան կատեպան։

Գարունքը գալիս ա թե չէ, էս կատեպանն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում Անմահական վարդի ծառի տակին գշեր-ցերեկ զարավուլ քաշում։ Կենում ա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հենց էն ա պտի վարդը թտցվեր՝ մի վախտ տղի քունը տանում ա։ Էն դհիցը խարը գալիս ա վարդն ուտում, թողում էթում։ Կատեպանը աչքը բաց ա անում, տենում ո՛նչ վարդ կա, ո՛նչ զադ։

Գալիս ա թագավորին խաբար տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— սաղ շաբաթ գշեր-ցերեկ ղարավուլ քաշեցի, հենց էկավ բացվելու վախտերքը, սատանական քունս տարավ. մի վախտ աչքս բաց արի, տեհա՝ խարն էկել ա կերե, գնացե։ Թագա՛վորն ապրած կենա, էս հետ բաշխա՛, գյալաջաղը ո՛նց ըլնի՝ ես խարի հախիցը կգամ:

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— կերել ա՝ կերե, նրա՛ն էլ չի մնա։

Էս մի տարին ըսենց անց ա կենում, գալիս ա էն մի տարին։

Գարունքը բացվում ա թե չէ, էս կատեպանը վեր ա կենում, էլի էթում վարդին մուղաթ կենում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ խարն էլի էկավ, որ ուտի. ուզում ա նետուանեղով տա, էն դհիցը մի բլբուլ թռնում ա գալի, խարին կտցում, տանում։

Վարդը մնում ա սաղ-սալամաթ։ Կատեպանը ուրախ-ուրախ քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, հրես վարդը քաղեցի, բերի։ Էս հետ էլ խարն էկավ, որ ուտի, էն դհիցը մի բլբուլ թռավ, էկավ խարին կտցեց, տարավ։

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— էն բլբուլին էլ չի մնա։

Էս տարին էլ ա ըսենց անց կենում։ Գյալաշաղը իրա վախտին էս կատեպանը էլի էթում ա վարդին մուղաթ կենում, գշեր-ցերեկ ծառի տակին ղարավուլ քաշում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ էլի մի խար դուս էկավ, վրա պրծավ վարդին հենց էն ա ուզում էր՝ ուտի, էն դհիցը էլի էն բլբուլը վեր էկավ, որ խարին կտցի, տանի՝ որդիան որ էր, թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, բլբուլին էլ, խարին էլ մի հանքի կուլ տվեց. վարդը մնաց էլ եդ իրա տեղը անարատ: Կատեպանը ուրախանում ա, աշխարով մին ըլնում, վարդը քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, էս տարի էլ ամեն տարվա պես էլի մի խար էկավ, ուզեց վարդն ուտի, էն դհիցն էլի էն բլբուլը թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, ալբիալը թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Հրես սաղ-սալամաթ վարդը քաղեցի, բերի։

— Բա՛ն չկա, ասեց թագավորը,— էդ վիշապին էլ չի մնա։

Էս մի տարին էլ ըսենց անց կացավ, գյալաշաղը էլի կատեպանը վե կացավ գնաց, որ վարդին մուղաթ կենա: Էկավ բացվելու վախտերքը, աեհավ՝ էլի մի խար դուս էկավ, վրա հասավ, որ վարդն ուտի: Էն դհիցը էլի մի բլբուլ թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, թփերի տակիցը էլի էն վիշապը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Կատեպանը որ տեհավ, էս հետ էլ չհամբերեց, քաշեց նետուանեղը, տալու բաշտա՛ն յա՜լլա, վիշապը գլխի վրեն կունտկի տվեց, արենճեճեխ ընկավ գետինը, սատկեց։ Էն սհաթը վարդը քաղեց, տարավ տվեց թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա, — ասեց,— էս տարի էլ խարն էկավ, ուզեց՝ վարդին ուտի, բլբուլն էկավ, ուզեց՝ խարին ուտի, էլի էն անիսաֆ վիշապը թփերի տակիցը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ կուլ տվեց։ Էս որ տեհա, ես էլ քաշեցի նետուանեղս, տվի, վիշտպին տեղն ու տեղը չորացրի։

— Դո՛ւ էլ լավ ես արե,— ասեց թագավորը,— համա քե՛զ էլ չի մնա։

Կատեպանը էս խոսքի վրեն մնում ա միտք անելոն, թե էս ի՞նչ բաս ա, թագավորը խի՞ պտի ասի. «Քե՛զ էլ չի մնա»։ Միտք ա անում, միտք ա անում, խելքը բան չի հասնում։ Էթար թագավորին հարցներ՝ վախում էր, չըլնի՞ թե հերսոտի․ ըսենց մնաց, ասեց. «Տենամ՝ սրա վերջն ինչ ա ըլնում»։

Թագավորի գյուլլի բաղի միջին մարմարից շինած մի հավուզ կար, որդե թագավորը, իրա կնիկը վախտ-վախտ գալիս ին լեղանում: Օրեն մի օրը, կատեպանը նի էլավ էդ հավղի կշտի ծառը, վրեն չորուկ֊մորուկ կար, ուզում էր կտրի։ Բիրդան տեհավ՝ թագավորի կնիկը իրա ղարավաշներով էկավ, որ հավղի միջին լեղանա․ նա էլ վախլությունիցը վե չէկավ ծառիցը, ասեց. «Կենամ, լեղանա, պրծնի, էթա՝ եննա»։ Թագավորի կնիկը շորերը հանեց, նի մտավ հավուղը, լեղացավ, պրծավ, դուս էկավ, շորերը հագավ, որ էթա մի ղաֆիլ գլուխը բանձրացրեց, տեհավ՝ կատեպանը ծառի վրեն։ Էլ ձեն֊ծպտուն չհանեց, թողաց էկավ ամարաթը, թագավորին մին-մին նաղլ արեց։

Բա՛ չե՞ս ասի, ըսե՛նց, ըսե՛նց բան. ես գնացել ի հավուղը, որ լեղանամ. լեղացա պրծա, շորերս հագա, ուզում ի էթա, մի ղաֆիլ մտիկ արի, տեհա՝ մեր կատեպանը ծառի վրեն. դու մի ասի, աղաքուց էկել ա նի էլե ձառը, որ տենա՝ ոնց եմ լեղանում։

Թագավորը էս որ լսում ա, կատաղում, ասլան ա դառնում։ Էն սհաթը ձեն ա տալի.— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ։

Էն սհաթը ջանլաթները գալիս են, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Կէթա՛ք,— ասում ա, էս սհաթին կատեպանին կբերեք, իմ աղաքին քյալլա կանեք։

Ջանլաթներն էթում են, կատեպանին բերում թագավորի կուշտը։ Դե՛ կատեպանը էս որ տեհավ, ալբիալը գլխի ընկավ, թե բանը ընչում ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— չի՞լնի, ինձ թողաս՝ էրկու խոսք ասեմ, եննա ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Լա՛վ,— ասեց թագավորը,— ասա՛ տենամ՝ ի՞նչ ես ասում։

— Թագա՛վորը սաղ ըլնի, ասեց կատեպանը,— մի՞տդ ա, որ ինձ կատեպան բռնեցիր. առաջի տարին էկա քեզ ասեցի, թե. «Խարը վարդին կերավ», դու ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Էն մի տարին էլ գնացի վարդին մուղաթ կենալու, էկա ասեցի. «Մի բլբուլ էլ էկավ խարին կերավ», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, դրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա իրեք տարին էլ որ էկա ասեցի. «Էս հետ էլ թփերի տակիցը մի վիշապ դուս պրծավ, բլբուլին կուլ տվեց», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա չորս տարին, որ էկա ասեցի. «Վիշապին էլ ես տվի, սըպանեցի», դու էս հետ ասեցիր. «Բա՛ն չկա, քե՛զ էլ չի մնա»: Հմի, թագա՛վորն ապրած կենա,— ասեց, դրուստ որ ինձ էլ չմնաց, քու խոսքը կատարվեց, որ ուզում ես նհախ տեղը իմ գլուխը թռցնիլ տա։ Դե բաս ըտենց ա, թագա՛վորն ապրած կենա, հմի էլ ես եմ ասում, որ. «Քե՛զ էլ չի մնա»։

Թագավորը որ լսում ա կատեպանի խելոք ջուղաբը, նրան բաշխում ա, էլ չի թողում, որ քյալլա անեն։

Ռոդարիական հնարքներ, շարունակություն։

Փորձիր վերլուծել և ներկայացնել հոդվածի տեսքով։

Երբ խաղում է ֆանտազիան

Խաղի իմաստը միասնաբար պատմություն հորինելն է: Պատմություն ստեղծելու համար խթան կարող է լինել խաղաքարտերի տրցակը, որը պատրաստած ենք լինում հիսուն ստվարաթղթե քարտերի վրա տարբեր նկարներ կպցնելով: Այդ նկարներն ամեն անգամ տարբեր կերպ են մեկնաբանվում, քանզի ամեն քարտ նախորդի հետ կարող է կապվել միայն կամայական զուգորդումների միջոցով, և միշտ էլ ֆանտազիայի խաղի շնորհիվ: Երեխաներով շրջապատված նստում ենք և երեխաներից մեկին առաջարկում առանց նայելու տրցակից մի քարտ հանել: Քարտը հանողը սկսում է նկարը ՙխոսեցնել՚, մյուսներն ուշադիր լսում են` այն շարունակելու պատրաստ. հավաքական ստեղծագործություն է ստացվում: Պատմությունը շարունակող, հաջորդ քարտը խոսեցնող երեխան պետք է իր մասը նախորդի հետ կապի, և շարադրանքի հետագա ընթացքը կլինի նախորդի շարունակությունը: Խաղն այնքան ժամանակ է շարունակվում, մինչև որ բոլորը մասնակցեն, ըստ որում վերջին պատմողին հանձնարարվում է ավարտը հորինել: (Տե՜ս Ֆրանկո Պասատորեն ՙխաղաթղթերն է բացում՚):

Պատմությունը կարող է պատահական շարժումից, հնչյունից ծնվել…

Խաղացողին երեք, իրար հետ ոչ մի կերպ չկապվող առարկա են տալիս, ասենք` սրճեփ, դատարկ շիշ, բրիչ, և առաջարկում ենք դրանք գործի դնել` տեսարան հորինել ու ցուցադրել: Նույնն է, թե երեք բառերով պատմություն հորինեք, սակայն ավելի լավն է, որովհետև իրական առարկաները երևակայության համար առավել ամուր նեցուկ են, քան բառերը. դրանք կարելի է տնտղել, շոշափել, շուռումուռ տալ. դրանից երևակայությունը բորբոքվում է: Խաղի հավաքական բնույթը միայն նպաստում է աշխուժությանը. իրար հետ մտերմանում և ստեղծագործաբար առնչվում են տարբեր բնավորություններ, փորձ, խառնվածքներ. ամբողջ խմբի մտքի քննադատական տարրն է գործողության մեջ դրվում: (Տե՜ս Ֆրանկո Պասատորեն ՙխաղաթղթերն է բացում՚):

Անհեթեթությունից դեպի միտք
Սյուրռեալիստական հայտնի խաղ կա` մի քանի ձեռքով նկար: Խմբի առաջին մասնակիցը կերպար հուշող ինչ-որ բան է նկարում, ճեպանկար անում, որն իմաստ կարող է ունենալ, կարող է և չունենալ: Երկրորդ մասնակիցը, անպայման սկզբնական ուրվագծից ելնելով, որպես այլ պատկերի տարր է օգտագործում դա` այլ իմաստով: Նույն կերպ է վարվում նաև երրորդը. ոչ թե լրացնում է առաջին երկուսի նկարը, այլ նրա ուղղվածությունը, մտահղացումը փոխում: Վերջնական արդյունքն առավել հաճախ ինչ-որ անհասկանալի բան է լինում, քանզի ձևերից ոչ մեկն ավարտուն չէ, մեկն անցնում է մյուսին: Սակայն պատկերն ի վերջո կարող է մի ամբողջ պատմություն պարունակել: ՙՁեռքի հետ՚ անսովոր մի գործող անձ՝ ինչ-որ կախարդական էակ կամ Ֆանտաստիկ տեսարան է հայտնվում: Այստեղ խաղը խոսքով կարելի է շարունակել՝ դարձյալ անհեթեթությունից դեպի միտքը գնալով: Այս խաղում էլ երևակայության խթանը պատահաբար իրար կողք դրված երկու տարրերի միջև նոր կապը ենթագիտակցորեն գտնելու միջոցով է ծնվում: (Տե՜ս Հին խաղերը):

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը 
Երեխաներին ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերն են ամենից շատ հետաքրքրում հենց այն պատճառով, որ հետագա աշխատանքը՝ թեմայի զարգացումն արդեն արված հայտնագործության ըմբռնումն ու շարունակումն է:

Թեև, իհարկե, դեպքեր են լինում, երբ թեման, երեխայի անձնական փորձի հետ համընկնելով, շրջապատող իրադրությանը, շրջակայքին համահունչ լինելով, նրան ստիպում է ինքնուրույն մտնելու դրա մեջ, արդեն ծանոթ բովանդակություն ունեցող իրականությանն անսովոր տեսանկյունից մոտենալու:

,,Վարկածը,- գրում է Նովալիսը,- ցանցի է նման. գցի՜ր և վաղ թե ուշ մի բան կբռնես՚: ՙՖանտաստիկ վարկածների,, տեխնիկան ծայրաստիճան պարզ է. այն ՙԻ՞նչ կլիներ, եթե …՚ հարցի ձևն ունի միշտ:
Ինչ կլիներ, եթե…
Հարցադրման համար առաջին պատահած ենթակայի ու ստորոգյալի զուգակցումն էլ հենց այն վարկածն է տալիս, որի վրա կարելի է աշխատել: Օրինակ`
Ի՞նչ կլիներ, եթե քաղաքն սկսեր թռչել:
Ի՞նչ կլիներ, եթե քաղաքը հայտնվեր ծովի մեջտեղում:
Ի՞նչ կլիներ, եթե ձեր դուռը մի կոկորդիլոս թակեր ու պարտքով մի քիչ ուրց խնդրեր:
Ի՞նչ կլիներ, եթե ձեր վերելակն ընկներ երկրագնդի խորքը կամ լուսին թռչեր:
Իհարկե, մեզ ոչինչ չի խանգարում, որ երեխաներին իրականությանը մոտեցնենք նաև առավել լուրջ հարցեր առաջադրելով: Օրինակ՝ ՙԻ՞նչ կլիներ, եթե ամբողջ աշխարհում՝ բևեռից բևեռ, փողը հանկարծ անհետանար՚: Սա միայն մանկական երևակայության զարգացման թեման չէ: Այդուհանդերձ այսպիսիք հատկապես հարմար են երեխաներին, քանի որ նրանք ուժից վեր խնդիրներ լուծել սիրում են: Նրանց համար դա մեծանալու միակ հնարավորությունն է: Իսկ աշխարհում նրանք ամենից շատ շուտ մեծանալ են ձգտում: Սակայն աճելու նրանց իրավունքը միայն խոսքով ենք ընդունում: Ամեն անգամ, երբ ցանկանում են դրանից օգտվել, մեր ողջ իշխանությունը գործի ենք դնում՝ խոչընդոտելու համար:

Երեխան սպառողի իր պարտքը կատարելով` պետք է հնարավորություն ստանա նաև որպես ստեղծագործող հանդես գալու
Հեքիաթի ունկնդրման ժամանակ մայրենի լեզվի, բառերի, դրանց ձևերի ու կառույցների հետ ծանոթություն է տեղի ունենում: Երբեք չենք կարող այն ակնթարթը որսալ, երբ երեխան հեքիաթը լսելիս, այն ընկալելիս տիրապետում է բառային միավորների որոշակի հարաբերակցությանը, իր համար բացահայտում բայական ձևի կիրառությունը, այսինչ կապի դերը: Եվ այնուամենայնիվ հեքիաթն ըստ երեևույթին նրան լեզվի մասին առատ տեղեկություններ է տալիս: Հեքիաթը հասկանալ ճգնելով` նա միաժամանակ ճգնում է այն բառերը հասկանալ, որոնցից բաղկացած է այն, դրանց միջև զուգորդություններ անցկացնելու, եզրակացություններ անելու, ձևույթի սահմանները, հոմանիշային շարքի երկարությունը, ածականի ազդեցության ոլորտն ընդարձակելու կամ նեղացնելու, ճշտելու կամ փոփոխելու համար:

Խնդիրը հեքիաթներ սարքելու համակարգը չէ, այլ ֆանտազիայի օգտագործումը՝ որպես իրականության ճանաչողության միջոց: Մի ճանապարհ, որին հետևելով կյանքի խորխորատներն ես սուզվում, ոչ թե ամպերի մեջ հածում: Եթե կուզեք, այն պայքարի զենք է, ոչ թե վահան:
Երեխաները, գաղափարին ու մտահղացմանը տիրապետելով, սկսում են գործող անձանց հետ յուրովի վարվել:

Ուղղաթիռով Կարմիր գլխարկը
Երեխաներին բառեր են տրվում, որոնցով պետք է որևէ պատմություն հորինեն: Բառերը վերցվում են երեխաներին լավ ծանոթ հեքիաթից: Օրինակ` ՙԿարմիր գլխարկ՚ սյուժեն հուշող 5 բառ ենք վերցնում` աղջիկ, անտառ, ծաղիկներ, գայլ, տատիկ` ավելացնելով հեքիաթի սյուժեի հետ բացարձակապես կապ չունեցող որևէ բառ` ասենք` ուղղաթիռ:

Նման խաղ-վարժության միջոցով հետազոտում ենք երեխայի` նոր և փաստերի որոշակի շարքի նկատմամբ անսպասելի տարրին արձագանքելու կարողությունը, նման բառն արդեն հայտնի սյուժեում օգտագործելու, սովորական բառերը նոր համատեքստին համահուչ դարձնելու հմտությունը: Սա ՙստեղծագործական երևակայության երկանդամության՚ մի տարատեսակ է. մի կողմից՝ Կարմիր գլխարկը, մյուս կողմից` ուղղաթիռը: Արդյունքներն ուշագրավ են ստացվում, երբ այս աշխատանքն առանց նախապատրաստության, նվազագույն բացատրությունից հետո է տրվում:

Հեքիաթի աղավաղում
Հեքիաթների աղավաղում հին խաղի սխեման այսպիսին է.
— Լինում է, չի լինում մի աղջիկ, անունը Դեղին Գլխարկ էր:
— Ոչ թե Դեղին, այլ Կարմիր:
— Ախ, այո՜, Կարմիր: Ուրեմն, նրան հայրիկը կանչեց ու …
— Դե չէ՜, հայրիկը չէ, մայրիկը:
— Ճիշտ է: Նրան մայրիկը կանչեց և ասաց .ՙՌոզինա մորաքրոջ մոտ գնա և նրան տար…՚:
— Տատիկի մոտ ուղարկեց, ոչ թե մորաքրոջ:
Եվ այսպես շարունակ:
Այսպես կարելի է ուզած պահին, ուզած հեքիաթի հետ խաղալ:

Շուռ տված հեքիաթները
Հեքիաթների ՙաղավաղման՚ մի տարբերակն էլ հեքիաթային թեման մտացածին կամ առավել օրգանապես ՙշուռ տալն է՚:
Կարմիր գլխարկը չար է, իսկ գայլը` բարի:
Մոխրոտը` անպետք աղջիկը, մեղմ ու բարի խորթ մորը կատաղեցնում է և հեզ ու հլու խորթ քրոջ փեսացուին խլում…
Ձյունանուշիկը անտառում հանդիպում է ոչ թե յոթ թզուկների, այլ յոթ հսկաների և նրանց ավազակային կողոպուտների մասնակիցը դառնում:

Այսպիսով, սխալի մեթոդը նոր մտքի է բերում, ինչ-որ նկարի ուրվագիծ հիշեցնում: Արդյունքը՝ մասնակիորեն թե լրիվ, նոր բան կլինի` կախված նրանից, թե ՙշուռ տալու՚ սկզբունքը տվյալ հեքիաթի մե՞կ, թե՞ բոլոր տարրերի նկատմամբ է կիրառված լինելու: ՙՀեքիաթը շուռ տալու՚ մեթոդը հարմար է ոչ միայն ծաղրապատճենելու համար. դրա միջոցով կարելի է ազատ պատումի համար մի ելակետ շոշափել, որ հնարավոր է ցանկացած ուղղությամբ ինքնուրույնաբար զարգացնել:

Իսկ հետո ի՞նչ եղավ
— Իսկ հետո՞,- հարցնում է երեխան, երբ պատմողը լռում է:
Հեքիաթը վերջացել է, սակայն հետո լինելիքի համար միշտ տեղ կա: Գործող անձիք դրա համար են գործող կոչվում. գիտենք` ինչպես են իրենց պահում, ինչպես են միմյանց վերաբերվում: Նոր տարրի պարզ ներմուծումն ամբողջ մեխանիզմը շարժման մեջ է դնում: Խաղի էությունը հեքիաթի բնազդական վերլուծությունն է: Խաղարկվում են դրա կառուցվածքը, դրա կազմակերպող համակարգը. ըստ որում՝ թեմաներից մեկին է առավելությունը տրվում: Երևակայության ինչ-որ ինքնամուղ ուժ է հայտնվում, որը ոչ թե նվազելու, այլ ուժեղանալու, որոշ չափով ավտոմատիզմ ձեռք բերելու միտում ունի: Սակայն նոր հեքիաթը ծնունդ է առնում ոչ այն պատճառով, որ երեխան այդ ավտոմատիզմի իշխանությանն է անձնատուր լինում, այլ որովհետև ինքն այն դատողականացնում է, տարերային պատումի մեջ որոշակի ուղղվածություն, կառուցողական սաղմ նկատելու ընդունակություն է դրսևորում:

Հեքիաթների շիլափլավ
Անտառում Կարմիր Գլխարկը Մատնաչափիկին ու նրա եղբայրներին է հանդիպում. նրանց արկածներն իրար են հյուսվում ու նոր հունով ընթանում: Մոխրոտն ամուսնանում է Կապույտ Մորուքի հետ, Ձյունանուշը հայտնվում է յոթ թզուկների տնակում, Կոշկավոր կատուն ծառայության է անցնում ուրիշ հեքիաթի հերոսների մոտ: Նման մշակման ենթարկվելով` ամենամաշված կերպարներն անգամ կենդանանում են, նոր շիվեր տալիս, և անսպասելիորեն դրանցից նոր ծաղիկներ ու պտուղներ են աճում: Խառնածինն էլ իր հմայքն ունի:

Այս խաղում իշխող ստեղծագործական երևակայության երկանդամությունը տիպականից միայն նրանով է տարբերվում, որ այն երկու հատուկ, ոչ թե հասարակ անուններից կամ պարզապես ենթակայից ու ստորոգյալից է կազմված:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *