Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը

Հանրահայտ է, որ Եվրոպայում ձևավորված Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) ռազմաքաղաքական խմբավորման գլխավոր նպատակը՝ ունեցած լայնածավալ գաղութային տարածքները պահպանելն ու ընդարձակելն էր, իսկ աշխարհի բաժանումից ուշացած Եռյակ (ապա՝ Քառյակ) դաշինքի երկրներինը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, Օսմանյան կայսրություն)՝ վերոհիշյալ ախոյան կայսրությունների թուլացումն ու նրանց գաղութներին տիրելը: Աշխարհի գերտերությունների շահերի բախման կիզակետում էին հայտնվել երկրագնդի գրեթե բոլոր տարածաշրջանները: Այդ էր պատճառը, որ աշխարհամարտն ընդգրկեց լայն աշխարհագրություն, թեպետ գլխավոր թատերաբեմ մնաց Եվրոպան: Տերությունների շահերի բախման հարթակ էր նաև Փոքր Ասիա-Արևմտյան Հայաստան-Հյուսիսային Իրան-Անդրկովկաս տարածաշրջանը: Այստեղ առավել սրությամբ ի հայտ էին գալիս Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի շահերը: Հստակ շահեր ունեին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլ երկրներ։ Այս տարածաշրջանում Անտանտի երկրներն իրենց ծրագրերը վերջնականապես համաձայնեցրին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրով: Դաշնակից երկրները՝ Անգլիան ու Ֆրանսիան տվեցին իրենց համաձայնությունը, որ
Արևմտյան Հայաստանը, սևծովյան նեղուցները պատերազմից հետո անցնեն Ռուսական կայսրությանը: Օսմանյան կայսրության նպատակն էր՝ տեր դառնալ Անդրկովկասին, Հյուսիսային Իրանին, Կովկասին և դուրս գալ Միջին Ասիա, Մերձվոլգյան շրջաններ՝ կյանքի կոչելով դեռևս սուլթան Համիդ II-ի ժամանակներից պաշտոնական գաղափարախոսություն դարձած համաթյուրքականությունը՝ պանթյուրքիզմ։ Հայոց ցեղասպանության ծրագրի հեղինակներից մեկը՝ Ջեմալ փաշան: Գերմանական խմբավորման կազմում պատերազմին Թուրքիայի մասնակցության ամենամոլի կողմնակիցը ռազմական նախարար Էնվեր փաշան էր, որի տեսակետն էլ ի վերջո հաղթանակեց, և Օսմանյան կայսրությունը 1914-ի աշնանը մտավ
պատերազմի մեջ: Դրա առիթը դարձավ գերմանական «Գեբեն» ու «Բրեսլաու» ռազմանավերի մուտքը սևծովյան նավահանգիստներ, որը նշանակում էր Բարձր դռան կողմից իր իսկ հայտարարած չեզոքության խախտում: Թուրքերի կողմից Սև ծովի ռուսաստանյան նավահանգիստների ռմաբակոծումն էլ
դարձավ Ռուսաստանի կողմից Թուրքիային պատերազմ հայտարարելու առիթ: Այսպես 1914-ի հոկտեմբերի վերջին ձևավորվեց Առաջին աշխարահամարտի Կովկասյան ճակատը:

Աղբյուրների վկայությամբ՝ աշխարհամարտի նախօրյակին ամենուր զգացվում էր թուրքերի թշնամական վերաբերմունքը. կասկած չէր մնում, որ պատերազմի դեպքում հայերի ջարդն անխուսափելի է: Այնպես որ, ավելորդ են բոլոր այն ուսումնասիրողների ջանքերը, ովքեր ցեղասպանության մեջ փորձում են գտնել նաև մեր մեղքի բաժինը: Բայց դրանից ամենևին չի հետևում, որ եթե մենք չէինք կարող խուսափել Մեծ եղեռնից, չէինք էլ կարող զանգվածաբար զենքի դիմել և ունենալ անհամեմատ ավելի քիչ զոհեր: 1914 թ. նոյեմբերին Կարսի մարզի տարածքում անհաջողություններ ունենալուց հետո Սարիղամիշի հաղթական ճակատամարտով (1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը) սկսվեց ռուսական զորքերի հաղթարշավը, որոնք հայկական կամավորական ջոկատների գործուն մասնակցությամբ գրավեցին Վանը, Էրզրումը, Բիթլիսը, Մուշը, Տրապիզոնը և 1916 թ. ամռանը հասան Երզնկա ու Կամախ: Ռուսները Կովկասյան ճակատում երբևէ չէին ունեցել նման հաջողություններ: Փաստերի մանրազնին ուսումնասիրությունը բերում է այն համոզման, որ ռազմական գործողությունները վարելիս պատերազմական կողմերը բացարձակապես հաշվի չէին առնում հայերի շահերը, հանգամանք, որն օսմանյան իշխանություններին հնարավորություն էր տալիս անարգել իրագործելու Հայոց ցեղասպանության և հայերի հայրենազրկման դիվային ծրագիրը:
Մասնագետներն Առաջին աշխարհամարտում մարդկության ունեցած կորուստների վերաբերյալ զանազան հաշվարկներ են անում: Առավել ընդունված տեսակետն այն է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 20,5 միլիոն մարդ, որից շուրջ 10 միլիոնը՝ ռազմի դաշտում: 10,5 միլիոն զոհերը խաղաղ բնակիչներն են: Վիրավորվել և հաշմանդամ է դարձել մոտ 18,3 միլիոն մարդ: Նյութական կուրուստները հաշվվում են
հարյուրավոր միլիարդներով: Անտանտի երկրներից զոհվել է 5,6 միլիոն զինվորական և մոտ 8 միլիոն խաղաղ բնակիչ, Եռյակ դաշինքի երկրներից՝ 4,4 միլիոն զինվորական և 3,4 միլիոն խաղաղ բնակիչ: Հայ ժողովուրդը, որ այդ պատերազմի սանձազերծմանը որևէ մասնակցություն չուներ, վերոհիշյալ տվյալների համեմատության դեպքում միանշանակ ներկայանում է որպես այդ պատերազմի գլխավոր զոհ, հանգամանք, որը, ցավոք, ստեղծված ահռելի գրականության մեջ հիմնականում շրջանցված է:

Աղբյուր՝

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *